ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միշտ ու մշտապես արդիական

Միշտ ու մշտապես արդիական
20.11.2012 | 12:07

Մեսրոպ Մաշտոցի աշակերտ և զինակից, մեծանուն իմաստասեր Եզնիկ Կողբացին հայագիր դպրության սկզբնավորողներից և նվիրյալներից մեկն է: Նրա կյանքի և գործունեության մասին քիչ բան է հայտնի: Մոտավոր հաշվարկներով, նա ծնվել է 380-ական թվականներին, Արարատյան աշխարհի Կողբ գյուղում, որտեղից էլ ստացել է իր մականունը` Կողբացի: Եզնիկը սկզբից ևեթ հոգևորական է եղել, աշակերտել է իր մեծանուն ուսուցչապետին` հայոց գրերի արարչին, հմտացել է ինչպես ասորական, այնպես էլ հունական դպրությունների ու լեզուների ուսումնասիրության մեջ: Կողբացին, լինելով ժամանակի ականավոր ուսումնական գործիչներից մեկը, բեղմնավոր կերպով զբաղվել է թարգմանչական ու խմբագրական գործունեությամբ:
Ըստ Կորյունի վկայության, հայ դպրության երկու ռահվիրաները` Մաշտոցն ու Սահակը, պատասխանատու հանձնարարություններով ուղարկում են Եզնիկին ասորական դպրության խոշոր կենտրոն Եդեսիա քաղաքը, որպեսզի նա տեղում թարգմանություններ կատարելով հայերենի վերածի ասորաց հոգևոր հայրերի ավանդույթներն ու վարքագրությունները ամփոփող երկերը: Այդ մասին վկայություններ է թողել նաև պատմահայրը` Մ. Խորենացին: Եդեսիայում թարգմանական առաքելությունը հաջողությամբ ավարտելուց հետո Կողբացին և նրա զինակից Հովսեփ Պաղնացին անցնում են Կոստանդնուպոլիս, ուր առավել կատարելագործվում են հունարենի և արվեստների ուսումնասիրության մեջ:
Հայ մատենագիտությունը համոզված է, որ Եզնիկ Կողբացին ոչ միայն հմուտ պարսկագետ, հունագետ և ասորագետ էր, այլ նաև եբրայագետ, այլապես նրան չէր հանձնարարվի այնպիսի պատասխանատու մի գործ, որպիսին էր «Աստվածաշնչի» հայերեն թարգմանության խմբագրումը և համեմատումը ասորերեն և հունարեն բնագրերի հետ:
Եզնիկ Կողբացու գործունեության բարձրակետը հանդիսանում է նրա տեսական- փիլիսոփայական երկը` «Եղծ աղանդոցը», որով նա հայ իրականության մեջ հանդես է գալիս որպես խոշոր տեսաբան մտածող և աստվածաբանության կարկառուն հեղինակություն:
Վերոնշյալ աշխատությունը հեղինակվել է Վարդանանց պատերազմի նախօրյակին։ Դրա անհրաժեշտությունը շատ էր զգացվում և կարևորվում այդ տագնապալից ժամանակաշրջանում: Պետք է հիշել, որ 440-ական թվականների կեսերին և վերջերին Հայաստանում առկա հասարակական-քաղաքական մթնոլորտը այնքան թեժացած ու անհանգստացնող էր, որ հարկավոր էր գաղափարական և հոգևոր առումներով ևս ժողովրդին նախապատրաստել դիմագրավելու ահագնացող վտանգներն ու մարտահրավերները:
Բացի այդ, անկարելի է չմատնանշել այն իրողությունը, որ այդ ժամանակ երկրում աշխուժացել էին նաև ամեն կարգի աղանդներն ու հերձվածները, քրիստոնեական ուսմունքից խոտորված բազմերանգ ուղղվածությունների կրողներն ու կողմնակիցները:
ՈՒստի անհրաժեշտ էր գաղափարաբանական-փիլիսոփայական բարձր մակարդակով հակահարված տալ և մերկացնել վերջիններիս, ցույց տալ նրանց հոգևոր սնանկությունը և տգիտությունը: Ահա այս ամենի հաշվառումով ու հանրագումարով ծնվեց, լույս աշխարհ եկավ «Եղծ աղանդոց»-ը, որի հեղինակը նաև ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից էր: Բավական է նշել, որ Եզնիկ Կողբացու անունը հայ մատենագրության մեջ հիշատակվում է Եղիշեի «Վասն Վարդանա և հայոց պատերազմին» աշխատության էջերում` 449 թվականին Աշտիշատի հանրահայտ ժողովին մասնակցած բարձր հոգևորականության այլ ներկայացուցիչների հետ: Իսկ վերոնշյալ ժողովը բուռն ու կրակոտ քննում էր պարսից արքունիքից ուղարկված չարագուշակ նամակը, որով հայ ժողովրդին առաջարկվում էր հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականությունը:
Սակայն զրադաշտականությունն այլևս տեղ չուներ հայ հասարակության առաջնորդող խավի համար, քանզի մեծ տեսաբան ու մտածող Եզնիկ Կողբացին յուր աշխատությամբ հիմնավոր, սպառիչ կերպով տվել էր զրադաշտականության դրույթների քննադատությունն ու հերքումը:
Անտարակուսելի է, որ «Եղծ աղանդոց»-ը հանդիսացավ հայ ազգային-ազատագրական պայքարի հոգևոր-բարոյական հռչակագիրը: Կողբացին սույն աշխատությունը հեղինակելիս գլխավորապես նպատակ է ունեցել պաշտպանելու հայկական ու հայաստանյան հոգևոր-բարոյական իրականության տիրույթները հերձվածողական-աղանդավորական տարբեր կարգի և բնույթի հարձակումներից, այդ պատճառով էլ երկի շարադրանքը գերազանցապես ստացել է հակաճառության և հերքումների բնույթ: Նրա օգտագործած գլխավոր աղբյուրը Աստվածաշունչն է, որից բավական հաճախ է վկայակոչումներ կատարում: Կողբացին հատկապես խիստ ու հետևողականորեն քննադատում է զրադաշտական կրոնի դոգմաները, ցույց տալով զրադաշտականության բոլոր թերի կողմերն ու հակասությունները: Մեծ մտածողը նաև անդրադառնում է հույն իմաստասերների տեսություններին` հեթանոսական աստվածների ջատագովության առնչությամբ և մանրամասն ցույց է տալիս վերոնշյալ տեսությունների սնանկությունը:
Նա խիստ քննադատական հարվածն ուղղում է զրադաշտական կրոնի երկվության (դուալիզմ) դեմ, քանզի պարսկական կրոնը, ընդունելով չարության և բարության աստվածությունների համատեղ գոյությունը, հանգում էր նաև նյութի ինքնուրույն լինելու ընդունմանը: Իսկ այդ դրույթը արմատապես հակասում էր քրիստոնեական միաստվածության գաղափարին:
Հայ մեծ մտածողը, անդրադառնալով չարության և բարության փոխհարաբերություններին, չարիք է որակում բոլոր այն գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետևանքներ են ունենում, իսկ ավելի գործնական հարթության վրա դնելով հարցադրումը, համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդն իր բոլոր ուժերի նպատակասլաց համախմբման դեպքում կարող է հաղթահարել զրադաշտականության պարտադրման սպառնալիքը: Ահա այս կետում է, որ Կողբացին հանդես է գալիս որպես ճակատագրի բացասական ազդեցությունների դեմ ակտիվ պայքարի նախաձեռնող, որով և վարակում է իր ժամանակակիցներին ու հետագա սերունդներին:
Եզնիկ Կողբացու, ինչպես և հայ եկեղեցու ու գիտության մյուս սուրբ նվիրյալների` Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Սահակ Պարթևի, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Լամբրոնացու, Գրիգոր Տաթևացու ստեղծագործական անսպառ ժառանգությունը դարեր շարունակ նպաստել է հայ ժողովրդի ներքին և արտաքին ինքնուրույնության պահպանմանը և հոգեկան բարձր ու բյուրեղյա կերտվածքի ձևավորմանը: Հինգերորդ դարի հայ մեծագույն փիլիսոփա-մտածողի «Եղծ աղանդոց» աշխատությունը հայ սերունդների համար միշտ էլ մնացել է օրակարգային, երբեք չխամրելով ու չկորցնելով իր արդիական կենսատու նշանակությունը:


Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտություններ թեկնածու

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ